Ադրբեջանում արշավ է սկսվել ժողովրդական գրող, մշակույթի պատվավոր գործիչ Աքրամ Այլիսլիի դեմ, որը ռուսական «Դրուժբա նարոդով» ամսագրի դեկտեմբերյան համարում տպագրել էր հատված «Քարե երազներ» վեպից: Այն նվիրված է Ադրբեջանում ապրած հայերին, իսկ նախաբանում գրված է. «Նվիրվում է իմ հայրենակիցների հիշատակին, ովքեր իրենցից հետո թողել են չսգացած ցավ»:
«Քարե երազներում» զուգահեռներ են տարվում 1919 թ. Ագուլիսում հայերի կոտորածների և Սումգայիթում ու Բաքվում հայերի ջարդերի միջև: Իշխանության ներկայացուցիչները, հասարակությունը խիստ քննադատության են արժանացրել գրողին, օրեր առաջ նաև այրվել են նրա հեղինակած գրքերը: Այս մասին «Առաջին լրատվականը» զրուցեց «Զերկալո» ադրբեջանական թերթի քաղաքական տեսաբան Ռաուֆ Միրկադիրովի հետ:
– Պարոն Միրկադիրով, ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի գիրքը դատապարտող հայտարարություններով են հանդես գալիս իշխանությունները, երկրի կուսակցությունները, մտավորականները: Նույնիսկ ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը` Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն, Այլիսլիին անվանել էր հերետիկոս և անաստված: Պարոն Միրկադիրով, ի՞նչ է կատարվում Ադրբեջանում:
– Երկու բառով հնարավոր չէ բացատրել, երկու բառով հնարավոր չէ հստակ գնահատական տալ նրան, ինչ տեղի է ունենում: Այլիսլին դիմեց հայաստանյան մտավորականությանը, ասաց, որ դա իր մեղքի ընդունումն էր այն բանի համար՝ ինչ տեղի է ունեցել, նա դիմեց հայաստանյան մտավորականությանը, որպեսզի վերջինս իր մեջ ուժ գտներ՝ ընդունելու այն բոլոր հանցագործությունները, որոնք հայկական կողմից էին թույլ տրվել: Ցավոք, դա տեղի չի ունենում, այլ հակառակը՝ իբր ադրբեջանցիներն ընդունել են, դրա համար այս մարդուն այսօր հետապնդում են, սպառնում են: Կարծում եմ՝ լավ կլիներ, որպեսզի հայկական կողմը սրա մասին վերաբերմունք հայտներ: Հենց մի քանի օր առաջ ՄԱԿ ԱԽ-ում ՀՀ ներկայացուցիչը մեղադրեց ադրբեջանցիներին Խոջալուի ջարդերի իրականացման համար: Ադրբեջանցիներն իրենք էին սպանում ադրբեջանցիներին, ադրբեջանցիներն իրենք էին գցում իրենց կանանց ու երեխաներին, և այլն:
Այլիսլին հրապարակային, մամուլի միջոցով դիմեց. «Դուք ևս ընդունեք, որովհետև ես իմ փոխարեն իմ մեղքն ընդունել եմ, ես չեմ կարող հայերի փոխարեն ևս ընդունել, ես այդ հարցն ընդհանրապես չէի դիտարկել իմ ստեղծագործության մեջ»: Բայց, ցավոք, ես հետևում եմ հայկական մամուլին, և որևէ արձագանք չեմ տեսնում:
Ես հենց երեկ եմ «Զերկալո»-ում գրել, թե չնայած կարծում եմ, որ Բաքվի իրադարձությունները սադրանքներ էին՝ կազմակերպված ԽՍՀՄ ՊԱԿ (КГБ)-ի կողմից, ես ստանձնել եմ մեր պատասխանատվությունը, մեր բարոյական, քաղաքական պատասխանատվությունը նրա համար, ինչ տեղի է ունեցել: Մենք չենք կարողացել դա կանխարգելել: Ցավոք, դժվար է ասել, թե ինչո՞ւ հայկական կողմից նման բան չի արվում:











































