Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները նահանգի տարածքում ստեղծվող կինո և հեռուստաարտադրանքին հատկացվող սուբսիդիաները եռակի ավելացրել են՝ տարեկան մինչև 330 մլն դոլար:
«Համապատասխան օրենքը հավանության է արժանացել վարչական օրենսդրության հարցերով դեպարտամենտի կողմից։ Ակնկալվում է, որ նոր նորման կսկսի գործել հաջորդ ամսվանից»,- գրում է Variety ամսագիրը:
Մայիսից կներմուծվի կինո և հեռուստաարտադրանքի հատուկ վարկանիշ, որը հաշվի կառնի նահանգի տարածքում ստեղծվող աշխատատեղերի թիվը:
Ընդ որում՝ առաջնայնությունը տրվում է բարձրտեխնոլոգիական արտադրություններին, առաջին հերթին՝ համակարգչային գրաֆիկային: Իսկ այն ռեժիսորները, որոնք կնկարահանեն Լոս Անջելեսի սահմաններից դուրս, կստանան հավելյալ հարկային արտոնություններ:
Կներդրվի նաև ըստ կատեգորիաների նոր բաշխում: Հիմնական մասը՝ հարկային զեղչերի 40 տոկոսը, կստանա հեռուստաարտադրանքը, առաջին հերթին՝ հեռուստասերիալները։ Հարկային արտոնությունների տրամադրման նոր համակարգը կոչված է մեծացնելու մրցունակությունը։
Ներկայում Կալիֆոռնիայում նկատվում է նահանգի տարածքում նկարահանվող գործերի թվի նվազում:








































