Գերմանիայի կառավարությունը զերծ է մնում «ցեղասպանություն» որակումից՝ խոսելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի հետապնդումների մասին, գրում է գերմանական Deutsche Welle-ն:
Դաշնային կառավարությունը դատապարտում է հայերի «ջարդը և աքսորը» և ջանքեր է գործադրում կողմերի հաշտեցման ուղղությամբ, երկուշաբթի KNA գործակալությանն ասել է կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Քրիստիան Վիրցը: Նրա խոսքով՝ չի կարելի ստիպել վերաիմաստավորել պատմությունը. դրանով պետք է զբաղվեն մասնագետները, պատմաբանները և շահագրգիռ կողմերը, դա Գերմանիայի կառավարության խնդիրը չէ: Վիրցը նշել է, որ Բեռլինը չի մեկնաբանում նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Ապրիլի 24-ին Բունդեսթագում նախատեսվում է քննարկում՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Բանաձևի նախագծեր են առաջարկել քրիստոնյա-սոցիալիստների և քրիստոնյա-դեմոկրատների կոալիցիան և սոցիալ-դեմոկրատները, ինչպես նաև «կանաչները» և «ձախերը»: Ընդ որում, իշխող կոալիցիայի նախագծում խոսվում է «հայերի ջարդերի և աքսորի» մասին, մինչդեռ մյուս երկու խմբակցությունները ուղղակիորեն նշում են «ցեղասպանություն» բառը: Tagesspiegel թերթի տվյալներով՝ դեռ ապրիլի սկզբին «ցեղասպանություն» բառը ներառված է եղել քրիստոնյա-դեմոկրատների ու քրիստոնյա սոցիալիստների և սոցիալ դեմոկրատների հայտարարաության մեջ, սակայն ավելի ուշ խմբակցության ղեկավարության և Գերմանիայի ԱԳՆ-ի ճնշման տակ այն հետ է կանչվել:
Սոցիալ դեմոկրատների խմբակցության պատգամավոր Դիթմար Նիթանը հայտարարել է, որ իրենք հատկապես հիասթափված է, որ Գերմանիայն «խիզախության պակաս» ունի: Դիվանագետը կարծում է, արդյունավետ չէ տեղի տալ Թուրքիայի ճնշմանը և չօգտագործել «ցեղասպանություն բառը»: Նման դիրքորոշում ունի նաև քրիստոնյա-դեմոկրատների պատգամավոր և զեկուցող Քրիստոֆ Բերգները: Վերջինս համոզված է, որ Գերմանիան պետք է փորձի հստակորեն սահմանել 100-ամյա վաղեմության իրադարձությունների ծավալները:











































