Ռուսաստանը կարող է ներդրում ունենալ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մեջ, մինչդեռ Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի արտահայտությունը Թուրքիային ավելի է հեռացնում Հայաստանից: Այս մասին RIA Novosti-ին ասել է Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչը:
Կիրակի օրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանությունն անվանել է «ХХ դարի առաջին գենոցիդը»: Հռոմի պապի հայտարարությունից հետո Անկարայում Վատիկանի դեսպան Անտոնիո Լյուչիբելլոն կանչվել է այդ երկրի ԱԳՆ՝ բացատրությունների համար, իսկ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն պապի խոսքերն անվանել է անընդունելի և պատմությունը խեղաթյուրող:
«Այդ գործընթացին որքան շատ միջամտեն հայկական կողմի դիրքորոշմանն աջակցող քաղաքական և կրոնական առաջնորդները, այնքան ավելի պառակտում կմտցնեն քրիստոնյաների և մուսուլմանների միջև և Թուրքիան ու Հայաստանը կհեռացնեն իրարից: Բայց բարեկամ երրորդ երկրները կարող են օգնել կարգավորել այդ հակամարտությունը, եթե նրանք տեղի չտան հայկական կողմի ճնշմանը և կարողանան լսել մեր փաստարկները: Մենք համարում ենք, որ Ռուսաստանը, որը լավ հարաբերություններ ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի հետ, և որպես երկիր, որը հանդես է գալիս պատմության քաղաքականացման դեմ, կարող է այստեղ կարևոր դեր խաղալ»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Նա հիշեցրել է, որ 1948 թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված՝ Գենոցիդի հանցագործության նախազգուշացման և դրա համար պատժի կոնվենցիայի համաձայն՝ գենոցիդի փաստի ճանաչման համար անհրաժեշտ է Միջազգային դատարանի որոշումը: Սակայն այդ որոշումը հայկական կողմի ձեռքում չկա, ասել է նա:
«Իմանալով գործի իրավական կողմը՝ հայ ղեկավարները փորձում են այդ հարցն առաջ տանել քաղաքական հարթությունում: Այն երկրներում, որտեղ հայկական սփյուռքն ուժեղ է, նրանք կապեր են հաստատում քաղաքական գործիչների հետ, և խորհրդարաններում գենոցիդի մասին որոշումներ են ընդունվում, որոնք իրավաբանորեն ոչինչ չեն նշանակում: Թուրքիան մի կողմ չի քաշվում այդ իրավիճակից, բայց նա տեղի չի տա հայկական կողմի ճնշմանը: Մենք հակամարտություն չենք ուզում, այլ հաշտեցում. չէ՞ որ Հայաստանի հետ մեր ընդհանուր պատմությունը ավելի քան 800 տարվա է»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ թուրքական և հայկական կողմերը չպետք է քաղաքականացնեն պատմությունը և իրար մեղադրեն, այլ հանդիպեն ու քննարկեն անցյալի վիճելի էջերը: Նա երկու երկրների պատմաբաններին հիշեցրել է Թուրքիայի նախագահի կոչի մասին՝ համատեղ ուսումնասիրել 1915 թ. ողբերգության արխիվայիյն աղբյուրները, որոնք թուրքական կողմը բացել է, և նույնպիսի քայլ է սպասում Հայաստանից:






































