The Guardian բրիտանական պարբերականը սկսել է նախաձեռնություն, որի շրջանակում հայերին կոչ է անում կիսել պատմությունները իրենց ընտանիքների վրա Հայոց ցեղասպանության ունեցած ազդեցության մասին։
Պարբերականն ընթերցողներին հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստություններն ընթացքի մեջ են։ Հղում անելով պատմական գնահատականներին՝ The Guardian-ը գրում է, որ 1.5 մլն մարդիկ են կորցրել իրենց կյանքը Օսմանյան Թուրքիայում պետականորեն կազմակերպված բռնության հետևանքով։
Կիրակի Վատիկանում հատուկ պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոտորածն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»՝ մեսիջ, որը Թուրքիան ընդունել է «խորին հիասթափությամբ ու տխրությամբ»։
«Եթե Հայաստանում եք կամ կազմում եք արտերկրում բնակվող հայկական սփյուռքի մաս, մենք ցանկանում ենք լսել Ձեր պատմությունները, թե ինչպես է ցեղասպանությունը ձևավորել Ձեր ընտանիքի պատմությունը»,- գրում է պարբերականը, որը հետաքրքրված է նաև արտեֆակտներով, նամակներով կամ լուսանկարներով, ինչպես նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցն անհատականորեն նշելու պատմություններով։







































