Երևանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազայի օդաչուները կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթին: Այս մասին երեքշաբթի օրը TASS-ին հայտնել են Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունում:
«Առաջին անգամ 4-րդ սերնդի Միգ-29 ժամանակակից թեթև առաջնագծի կործանիչների օղակը փակ մարտական կարգով կթռչի Երևանի «Հաղթանակ» զբոսայգու երկնքում: Քաղաքի կենտրոնում հանդիսավոր երթին կմասնակցեն նաև մոտ 200 ռուս զինծառայողներ»,- ասել են օկրուգում:
Բացի դրանից՝ Գյումրի քաղաքում ավելի քան 800 զինծառայող և Հարավային ռազմական օկրուգի մոտ 20 միավոր ռազմական տեխնիկա կմասնակցեն Հաղթանակի տոնին նվիրված մարտական շքերթին:
Գյումրիում և Երևանում ռազմական տեխնիկայի շքերթների շարասյուների անցման, կործանիչների թռիչքի գլխավոր փորձերը տեղի կունենան մայիսի 5-ին և 7-ին՝ Հայաստանում ռուսական ռազմաբազայի հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովի ղեկավարությամբ:







































