Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններն անխոչընդոտ չեն անցնում: Քարոզարշավը մեկնարկել է, առաջադրված կուսակցությունները, մեծամասնական ընտրակագով առաջադրված պատգամավորի թեկնածուները սկսել են քարոզարշավը: Իշխանական կուսակցությունների համար այն ընթանում է անխոչընդոտ, սակայն ընդդիմադիր կուսակցությունները որոշակի դժգոհություններ ունեն:
Հիշեցնենք, որ Արցախում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում առաջադրվել են «Ազատ հայրենիք», «Ժողովրդավարական», «Ազգային վերածնունդ», Դաշնակցություն, Շարժում 88, Կոմունիստական, «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունները:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդդիմադիր հռչակված «Շարժում 88» կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանն ասաց, որ իրենք արձանագրել են քարոզարշավի ընթացքում հանդիպած երկու ընտրախախտում՝ առաջինի մասին պատշատ կարգով տեղեկացրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իսկ երկրորդի վերաբերյալ ԿԸՀ-ը համառորեն չի ուզում որևէ կերպ արձագանքել:
«Առ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի արձագանքում մեր երկրորդ նամակին: Մենք պատշաճ կերպով մեր գրասենյակի անունից ուղարկել ենք, սակայն պատասխան չկա: Առ այսօր չի հաջողվում նախընտրական գովազդ տեղադրել համայնքային նշանակության մի հիմնարկի վրա: Օրենքը թույլատրում է, տեղում իշխանիկը չի թույլատրում»,- ասաց Աղաբեկյանը:
Նա հավելեց, որ շրջաններում նկատվում նաև է վարչական ռեսուրսի կիրառում: Մեր զրուցակիցը հավալեց, որ ընդհանուր առմամբ, առաջադրված կուսակցությունները, այդ թվում՝ «Շարժում 88»-ը, կարողանում են քարոզարշավ անցկացնել, իսկ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին որևէ բան ասելը Աղաբեկյանը վաղ է համարում:
Ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն արձանագրում է, որ հատկապես Ստեփանակերտում ժողովուրդը հիասթափված է ընտրություններից: Նա տեղեկացնում է նաև, որ իշխանական կուսակցությունները վարչական ռեսուրսների միջոցով են փորձում նախընտրական քարոզարշավի համար նախատեսված դահլիճները լցնել:










































