Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկը վաղուց արդեն հատել է խորհրդանիշ լինելու սահմանը: Այն այլևս գեղեցիկ ծաղիկ է, որը կարելի է դաջել ամենուր. եղունգների լաքի վրա, վերնաշապիկներին, տորթերին և օգտագործել այլ՝ անհավանական տեղերում:
Հիշեցնենք, որ անմոռուկ առաջինը սկսեցին կրել պետական պաշտոնյաները: Ցեղասպանության 100-ամյակի Համահայկական հռչակագիրը: Ապա հայտարարվեց, որ «Անմոռուկ» խորհրդանշի հեղինակային իրավունքները պաշտպանված են Հայաստանում և արտերկրում: Դրա օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությանը: Սակայն, կարճ ժամանակ անց վերնիսաժում և բիժուտերիայի խանութներում հայտնվեցին անմոռուկով պատրաստված տարբեր զարդեր: Ձեռներեցներից շատերը, որոնք իրենց գործունեությունը չէին համաձայնեցրել հանձնաժողովի հետ` տուգանվեցին, սակայն շատերն էլ դիմելով հանձնաժողովին և ստանալով համապատասխան լիցենզիա, այս օրերին իսկական բիզնես գործունեություն են ծավալում անմոռուկ պատրաստելով: Ձեռներեցներից մեկը, որը մեզ հետ զրույցում չցանկացավ նրկայանալ, ասաց, որ սա «թույն բիզնես ա»: «Ճիշտ ա, ժամանակավոր ա, բայց թույն բիզնես ա: Համ Հայաստանում ա լավ ծախվում, համ դրսում: Արդեն Ռուսաստանում ու մի քանի այլ երկրներում էլ կանալներ ենք դրել ու էնտեղ էլ լավ վաճառվումա, ընդ որում ավելի բարձր գնով, քան Հայաստանում»,-անկեղծացավ մեր զրուցակիցը:
Նշենք, որ օրինակ անմոռուկով վզնոցներն արժեն 6 հազար, կրծքանշանները՝ 4000, այլ հուշանվերները՝ ավելի թանկ կամ ավելի էժան:
Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությունից մեզ չհաջողվեց պարզել, թե քանի անձ կամ ընկերություն է դիմել իրենց` անմոռուկով հուշանվերներ պատրաստելու լիցենզիա ստանալու համար, սակայն նրանց կայքից պարզեցինք, որ ապրիլին «Անմոռուկ» կրծքանշանները հասանելի կլինեն կամավոր նվիրատվությամբ վերցնելու հնարավորությամբ:
Ուշագրավ է, սակայն, որ անմոռուկ կրելն իրականացվում է նաև պարտադրաբար: Նախագահականում, Ազգային ժողովում ու կառավարությունում անմոռուկ կրելը պարտադիր դարձնելուց հետո այն պարտադրվել է նաև մարզպետարանների աշխատակիցներին, որտեղից էլ՝ արդեն գյուղապետարանների աշխատակիցներին: Ընդ որում, գյուղապետերից ոմանք մեզ պատմեցին, որ մարզպետարանից իրենց համայնքապետարանի համար հասանելիք անմոռուկների համար որոշակի գումար են պահանջել, որը ստանալուց հետո նոր տրամադրել անմոռուկները: Նշենք, սակայն, որ պետական գերատեսչություններին և ՏԻՄ մարմիններին անմոռուկները բաժանվում են առանց որևէ վճարի, իսկ քաղաքացիները, ովքեր ցանկանում են կրել` պետք է գնեն կամ նվեր ստանան:
Մարզպետները մեզ հետ զրույցում հերքեցին, թե անմոռուկ են վաճառել՝ անիմաստ համարելով մեկնաբանել համայնքապետերի դժգոհությունները: «Այդպիսի բան չկա: Ամոռուկներն անվճար տրամադրվում են մարզպետարաններին, որտեղից էլ մենք բաժանում ենք համայնքապետարաններին, դպրոցներին ու մշակութային հաստատություններին: Ոչ ոք չի կարող ասել, որ մեզանից «Անմոռուկ» է գնել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վայող Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը՝ հավելելով, որ սա այն հարցը չէ, որտեղ կարելի է փող աշխատել ցանկացած օղակում:
Գրեթե նույն պատասխանը տվեցին նաև մյուս մարզպետները: Ընդ որում, որոշները նշում էին, որ «Անմոռուկը» դեռ իրենց մարզ չի հասել:
Այնուամենայնիվ, որքան էլ նշվի, որ ցեղասպանության 100-ամյակն այն առիթը չէ, որից կարելի է փող աշխատել, սակայն փաստ է, որ դա ոմանց համար շահավետ բիզնեսի լավ հնարավորություն է: Նույնը կարելի է ասել հյուրանոցների և այլ հաստատությունների մասին, որոնք ապրիլի 24-ից առաջ կրկնակի, եռակի բարձրացրել են իրենց սպասարկման գները:










































