Վրաստանի կառավարությունը տեղեկություն չունի երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին վերացնելու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ծրագրերի մասին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
«Մենք նման որևէ բան չենք լսել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա: Կարծում եմ՝ ավելի լավ է հարցնել անձամբ Բատիաշվիլիից, նա ավելի շատ բան կիմանա, քան մենք»,-հայտարարել են կառավարության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ մի շարք ԶԼՄ-ներ տեղեկություն էին տարածել այն մասին, որ Վրաստանի հետախուզական բյուրոյի նախկին ղեկավար Իրակլի Բատիաշվիլիի տվյալներով՝ վրացի մի խումբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ (այդ թվում ուժային կառույցների աշխատակիցներ), որոնց մի մասն այժմ արտասահմանում է, պատրաստվում են վերացնել Իվանիշվիլիին:
Վրաստանի ՆԳՆ-ն դեռևս չի մեկնաբանել վերոնշյալ տեղեկատվությունը:
Նշենք, որ Վրաստանում 2012թ. հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից և Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կոալիցիայի հաղթանակից հետո երկրից փախել են ուժային կառույցների տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք նոր իշխանությունների կողմից մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ: Մասնավորապես, երկրից հեռացել են Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին, ՆԳՆ սահմանադրական անվտանգության բաժնի նախկին ղեկավար Դաթա Ախալայան և նրա տեղակալ Սոսո Թոփուրիձեն:









































