Ադրբեջանական Day.az կայքի փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական Россия-24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին.
«Մենք բարձր ենք գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ջանքերը: Նրա նախաձեռնությամբ կայացել են մի շարք եռակողմ հանդիպումներ, որոնք ունեցել են մեծ կարևորություն և արդյունավետ են եղել:
Դժբախտաբար, երկար տարիներ շարունակ այս խնդիրը լուծում չի ստանում: Մենք հուսով ենք, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի առաջ շարժվել այդ հարցում: Թեև շատ տարիներ են անցել այն բանից, որ «գործնականում» միջազգային բոլոր կազմակերպություններն ընդունել են համապատասխան որոշումներ ու բանաձևեր, հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված:
ՄԱԿ ԱԽ-ը 4 բանաձև է ընդունել հայկական զորքերի դուրսբերման մասին, սակայն դրանցից և ոչ մեկն էլ ցայժմ չի իրագործվել: Երբ մենք տեսնում ենք, որ Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևն իրագործվում է դրա ընդունումից բառացիորեն մի քանի ժամ անց, իսկ Լեռնային Ղարաբաղի շուրջ ընդունված բանաձևերը չեն իրագործվում արդեն 17-18 տարի, ապա մեզ մոտ, բնականաբար, հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ նույնը տեղի չի ունենում Լեռնային Ղարաբաղի պարագայում: Ո՞րն է այդ պասիվության պատճառը:
Դրա համար էլ մենք հուսով ենք, որ միջնորդներն այսուհետ առավել ակտիվություն կդրսևորեն: Դա, մասնավորապես, վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»:










































