Սիրիայի իշխանությունների բանակցություններն ընդդիմության հետ պետք է անցկացվեն սիրիական հողում, այլ ոչ թե Մոսկվայում: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական «ՍԱՆԱ» գործակալությունը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին:
Ինչպես ասվում է ԱԳՆ հայտարարությունում, Վալիդ Մուալեմը այց կկատարի Մոսկվա՝ բանակցելու իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ:
«Ինչ վերաբերում է Մոսկվայում ընդիմադիրների հետ նախարար Մուալեմի հանդիպման մասին շշուկներին՝ Սիրիան բազմիցս հայտարարել է իր դիրքորոշումն այդ հարցի շուրջ. Դամասկոսը բաց է սիրիական հողում ներքին և արտաքին ընդդիմության հետ երկխոսության անցկացման համար»,-ընդգծվում է հայտարարությունում:
Երեկ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է հրապարակ տրամադրել Սիրիայի իշխանությունների և ընդդիմության շփման համար, օրինակ՝ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի՝ Մոսկվա կատարելիք առաջիկա այցի ընթացքում:








































