Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Վալերի Բուայեն, ում անունը հայությանն առավելապես հայտնի է որպես Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի հեղինակ, դեռ նախորդ տարվա դեկտեմբերին նույնաբովանդակ մեկ այլ նախաձեռնությամբ էր հանդես եկել Ֆրանսիայի Ազգային ժողովում:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Փարիզի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը, պատժելիության օրինագիծը շրջանառության մեջ է մտցվել այնպես, ինչպես ներկայացված էր 2011 հոկտեմբերի 18-ին՝ պատգամավորուհու կողմից։ Այսօր Բուայեն ընդդիմադիր է, նրա կուսակցությունն այս օրինագիծը չի մտցրել խորհրդարանի օրակարգ: Այս հանգամանքները, ֆրանսահայի խոսքերով, տկարացնում են օրինագծի ընդունման հնարավորությունը: Նրա համոզմամբ՝ Բուայեի նախաձեռնությունը դատապարտված է տապալման:
«Նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Օլանդը խոստացել էր, որ Ֆրանսիայի կառավարության կողմից խորհրդարանում կներկայացվի Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծ՝ իրավական լավ հիմքով, որպեսզի չբեկանվի Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից: Մենք սպասում ենք կառավարության կողմից տրվելիք օրինագծին, որը խոստացել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, քանի որ իշխանության կողմից առաջարկվող օրինագիծը, վստահաբար, ավելի վստահելի է, որ կընդունվի: Այդ օրինագիծը, բնականաբար, հայության համար շատ ավելի ձեռնտու է»,- պարզաբանեց Հրաչ Վարժապետյանը: Վերջինս տեղեկացրեց, որ Ելիսեյան պալատում օրինագիծը, ինչպես որ ասել էին ավելի վաղ, մշակվում է, հատուկ հանձնախումբ է աշխատում հայ համայնքի պատասխանատուների հետ միասին, տեղեկություններ կան, որ տեքստի մեծ մասն արդեն կազմված է և հարմար առիթի դեպքում ներկայացվելու է խորհրդարանում, սակայն դեռևս հստակ ամսաթիվ չկա:
«Մինչև Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը հավանական է, որ գործընթացն ավարտված լինի, բայց մինչ այս Ապրիլ քսանչորս ես ոչ մի երաշխիք չեմ կարող տալ, հաստատ բան ասել: Սա այն հարցը չէ, որ պետք է շտապել»,- նկատեց նա:









































