Կան մարդիկ, որ մտածում են, թե Սաակաշվիլին Վրաստանի ավելի մեծ թշնամին է, քան Պուտինը: «Գրուզիա Օնլայնի» հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ 1989 թ. ապրիլի 9-ի իրադարձությունների 26-րդ տարելիցի կապակցությամբ Նախագահական գրադարանում տեսամիացման ժամանակ:
«Ապրիլի պայքարն ինձ համար ցուցիչ է նրա, թե ինչն է Վրաստանի արժեքը՝ անկախությունը, ով է Վրաստանի բարեկամն ու թշնամին, ինչպիսին պետք է լինեն վրաց ազգի պայքարի մեթոդները, այն ամենը, ինչի շուրջ մենք այսօր էլ վիճում ենք և դեռ մինչև վերջ չենք կողմնորոշվել:
Ցավոք, այսօր ևս մեզ մոտ մարդիկ կան, ովքեր ասում են, թե Սաակաշվիլին Վրաստանի ավելի մեծ թշնամին է, քան Պուտինը: Նրանք ասում են, որ պարզվում է՝ Վրաստանը 9 տարվա ընթացքում քանդվել է: Կարծում են, որ Ռուսաստանի հետ կարելի է խոսել նրան աչքով անելով: Դա հենց այն է, ինչ հարյուրամյակների ընթացքում ներարկել են վրացական էլիտային»,- ասել է Սաակաշվիլին:
1989թ. ապրիլի 9-ին Թբիլիսում արցունքաբեր գազի, ծանր տեխնիկայի և սակրավորների թիերի միջոցով խաղաղ ցույցը ցրելիս մարդիկ են զոհվել:









































