Վիլնյուսից ոչ հեռու՝ Պաբրադեի զորակայանում, սկսվել են ամերիկացի և լիտվացի զինծառայողների համատեղ զորավարժությունները, որոնցում առաջին անգամ մանակցում են ամերիկյան «Աբրամս» տանկերը, որոնք այնտեղ են ժամանել մոտ մեկ ամիս առաջ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ինչպես հայտնել են Լիտվայի ՊՆ-ում, զորավարժություններին մասնակցում են մոտ 150 ամերիկացի զինծառայողներ, ովքեր ժամանել են ԱՄՆ-ի և Գերմանիայի մշտական տեղակայման վայրերից։ Զինվորականներն իրենց հետ բերել են մոտ 20 տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ 5 ամենաժամանակակից М1А2 «Աբրամս» տանկեր։
Այդ զորավարժությունները բալթյան դաշնակիցների անվտանգության ապահովման ՆԱՏՕ-ի ծրագրի մաս են՝ լրագրողներին ասել է զորակայան ժամանած Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը։
«Ամերիկացիների ներկայությունը մեզ հավելյալ անվտանգության զգացում է տալիս, սակայն մենք պետք է կատարենք նաև մեր տնային հանձնարարությունը՝ ընդայնենք զորակայանը, որպեսզի հնարավոր լինի այս ամբողջ տեխնիկայի ավելի արդյունավետ օգտագործումը»,-հայտարարել է նախարարը։
Ուկրաինայում զինված հակամարտության մեկնարկից ի վեր ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի քանակը Լիտվայում ավելացել է։ Բալթյան երկրներն անհանգստացած են Ուկրաինայի արևելքի իրադարձություններից և Ռուսաստանի կողմից հնարավոր ագրեսիայի մտավախություն ունեն։












































