«Ինտրիգներին ես փորձում եմ չխառնվել, փորձում եմ մեթոդապես տանել իմ գիծը: Մարդը եթե դիմում է, չես կարող չարձագանքել: Մարդը, ասենք, դիմում է՝ ասում է բոլորին միասնական թեկնածու, տալիս է անունդ, ասում, թե պետք է թեկնածությունը հանի: Ես ստիպված տվեցի անունը, ասացի մի երկու բան, թե ինչ եմ մտածում իր մասին: Այսօրվանից ես նորից չեմ պատասխանելու, բանի տեղ չեմ դնելու այդ հարցադրումները: Դրանք սպասելի են: Մենք կասկածում ենք, որ դա իշխանութունն է անում, իշխանությունը իրավունք ունի կասկածելու, որ դա ինքը չէ»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը և հավելել, որ իրեն շահավետ էր ընտրարշավը տեղափոխել ռացիոնալ դաշտ, որտեղ իրեն համարում է «մրցակցությունից դուրս»:
«Պատահական չէ, որ ոչ միայն իշխանության թեկնածուն, մյուսները ևս չեկան բանավեճի: Այդ դաշտում ես համարում եմ ինձ մարդ, որն ունի առավելություն: Այն, ինչ կապված է կրակոցի, միասնական թեկնածուի հետ, դրանք ինտրիգաներ են, ես դրանում վստահ եմ, դա շեղում են: Մենք խոսել ենք այդ մասին: Ոմանք վարկանիշ չունեն, ոմանց վարկանիշի բարձրացման վրա է աշխատում իշխանությունը. թեկնածուներ, որոնք իրեն ձեռնտու կլինեն, հաճելի կլինեն: Հիմա նրանցից ոմանք վեր են կենում և ուզում խոսել միասնականության մասին»,– ասել է Հ. Բագրատյանը:
Արտաշատում իր նախընտրական շտաբի վրա հարձակումը Հրանտ Բագրատյանը համարել է «խուլիգանական արարք»: Նա նշել է, որ հանդիպումից հանդիպում նկատելի է իր վարկանիշի բարձրացումը. «Ֆիքսել եմ միանգամայն բարձր վարկանիշ, որը չի բռնում եվրոպացի դիլետանտների կամ ծախու արարածների արած հայտարարություններին: Երկու անգամ վճարել եմ սոցիոլոգիական հարցումներ, շատ լուրջ: Ես պարզապես խուլիգան չեմ, որ հրապարակեմ, որովհետև ես եմ վճարել: Գյումրիում աղքատությունը 47 տոկոս է, այդ եվրոպացի բարկամները, «Գելափը»… մի կերպ եմ զսպում, որ վատ բան չասեմ նրանց հասցեին, նրանք գործող նախագահի համար ֆիքսում են 70 տոկոս: Նրանց հարցվածների մեջ էլ պետք է միջինը նույնքան աղքատ լինի՝ 53-ը ոչ աղքատ, 47-ը՝ աղքատ: Հիմա 53-ից բացի, ևս 17 աղքատ երազում են, որ Սերժ Սարգսյանն ընտրվի: Սա ո՞նց է հնարավոր»:
Հրանտ Բագրատյանը նշել է, որ Սերժ Սարգսյանի «Եվ մյուս թեկնածուի»՝ բանավեճի չգալը իրեն իրավունք է տալիս ասելու, որ չկա ասելիք:
Հրանտ Բագրատյանն անդրադարձել է պետություն-օլիգարխիա կապին՝ ասելով, որ այն առաջացել է Ռոբերտ Քոչարյանի օրոք:
Վերադառնալով թեկնածուների վարկանիշին՝ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ եթե թվեր չնկարեն և ամեն ինչ լինի օբյեկտիվ, մրցակցությունը կլինի երեք մարդու մեջ. «Հասկանում եք, թե ովքեր են ընդգծված երեքը: Մենք ունենք այդ տվյալները: Այնպես չէ, որ մյուսների անունները չեն տալիս: Ես նախանձելի չէի համարի Սերժ Սարգսյանի վիճակը, նախանձելի չէի համարի օբյեկտիվորեն, բայց նա երեքի թվում է»:






































