Հայաստանի կառավարությունը իբրև թե փորձում է օգնել ծանր վիճակի մեջ գտնվող հայ գյուղացիությանը՝ նրանց տրամադրելով մատչելի դիզվառելիք և պարարտանյութ: Իրականում պարզվում է, որ կառավարական չինովնիկները իրենց որոշումներով օգնում են ոչ թե հայ գյուղացիությանը, այլ իրենք իրենց: Դրանում համոզվելու համար մեծ խելք ու մաթեմատիկական խոր գիտելիքներ ամենևին էլ անհրաժեշտ չեն:
Ամեն տարի գարնան նախաշեմին կառավարությունը ընդունում է որոշում, որով պետբյուջեից որոշակի գումար է հատկացվում պարարտանյութի և դիզվառելիքի սուբսիդավորման համար: Օրինակ՝ 2012թ. դիզվառելիքի գները սուբսիդավորելու համար կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 327 մլն 914 հազար դրամ: Դիզվառելիքը գյուղացիներին է վաճառվում 350 դրամով, իսկ շուկայական գնի և 350 դրամի տարբերությունը վճարվել է վերոնշյալ գումարով:
Այս սխեման առաջացնում էր կոռուպցիոն ռիսկեր, որովհետև եթե դիզվառելիքի գինը 470 դրամ է, իսկ այն գյուղացիներին տրամադրվում է 350 դրամով, գայթակղությունը մեծ է այդ վառելիքը հատկացնել ոչ թե գյուղացիներին, այլ բենզալցակայաններին: Շատ գյուղապետեր և նույնիսկ մարզպետեր այս գործում բավական լուրջ գումարներ էին աշխատում, իսկ Վայոց Ձորի մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի նկատմամբ նույնիսկ քրեական գործ հարուցվեց: Բացառված չէ, որ մյուս մարզպետերն էլ էին զբաղվել այս պարզ առևտրային գործարքով, բայց քանի որ նրանցից ԲՀԿ-ական էր միայն Սերգեյ Բագրատյանը, երևի հենց այդ պատճառով էլ նրա բախտը չբերեց:
Սակայն այս տարի չբերեց բոլոր մարզպետերի և գյուղապետերի բախտը, որովհետև այս սխեմայով փող աշխատելու հնարավորությունները էապես նվազեցին կամ ընդհանրապես վերացան: Բայց ասվածից ամենևին չի բխում, թե վերացավ կոռուպցիայի և պետական միջոցների յուրացման հնարավորությունը: Ամենևին. այն ավելի շուտ կենտրոնացված բնույթ ստացավ:
Խնդիրն այն է, որ այս տարի դիզելային վառելիքի գներն այնքան են իջել, որ գրեթե հավասարվել են սուբսիդավորվող վառելիքի գնին: Գների նման անկման պատճառը նավթի համաշխարհային գների կտրուկ անկումն էր, որը ինչ-որ ազդեցություն ունեցավ նաև Հայաստանի ներքին շուկայում: Օրինակ՝ Երևանի որոշ բենզալցակայաններում դիզվառելիքը կարելի է գնել 380 դրամով: Եթե մանրածախի գինը 380 դրամ է, ապա նշանակում է, որ դիզվառելիքի մեծածախ գինը մոտ 350 դրամ է: Իսկ սա նշանակում է, որ դիզվառելիքի մեծածախ գնի և գյուղացիներին որպես օգնություն տրվող վառելիքի գինը նունն է: Եթե կառավարությունը իսկապես ուզում էր օգնել գյուղացիներին և նրանց մատչելի դիզվառելիք տար, ապա այս տարի կարող էր այն տրամադրել ոչ թե 350 այլ 250 կամ գուցե 280 դրամով:
Չնայած շուկայում գների անկմանը՝ կառավարությունը որոշեց չփոխել գյուղացիներին հատկացվող դիզվառելիքի գինը: Այս տարվա փետրվարին կառավարության հերթական նիստում որոշում կայացվեց հայ գյուղացիներին հատկացնել 14,3 մլն լիտր դիզվառելիք: Կառավարության որոշումից դատելով՝ յուրաքանչյուր լիտրի համար կառավարությունը վճարելու էր 100 դրամ, որպեսզի գյուղացին դիզվառելիքը ստանա 350 դրամով: Սա նշանակում է, որ կառավարությունը պետբյուջեից հատկացնելու է 1 մլրդ 430 միլիոն դրամ: Եթե դիզվառելիքի մեծածախ գինը 350 դրամ է, ինչի՞ն է ծառայել այդ գրեթե 1,5 միլիարդ դրամը, կամ ում գրպանում է հայտնվել այն: Այս հարցի պատասխանը դժվար չէ պարզել, դրա համար ընդամենը մի փոքր ցանկություն է պետք:
Այսպիսով կառավարությունը ամեն տարի գրեթե 1,5 միլիարդ դրամ է հատկացնում գյուղացիներին մատչելի գնով դիզվառելիք տրամադրելու համար: Այդ ծրագրի արդյունքում, իսկապես, գյուղացիները կամ նրանց վճարունակ մասը կարողանում է շուկայականից ցածր դիզվառելիք ձեռք բերել: Իսկ վառելիքի մյուս քանակը գյուղապետերն ու մարզպետերը իրենք էին իրացնում: Այս տարի նավթի համաշխարհային շուկայում գների կրկնակի և ավել անկում գրանցվեց, ինչը ոչ ամբողջությամբ, բայց որոշ չափով անդրադարձավ նաև հայաստանյան վառելիքի շուկայի գների վրա: Բայց ինչպես բոլոր նախորդ տարիներին, այս տարի ևս դիզվառելիքը հայ գյուղացիներին հատկացրեցին նույն 350 դրամով: Այսինքն՝ հայ գուղացին այդպես էլ չզգաց նավթի գների անկման տարբերությունը իր ընտանեկան բյուջեի վրա: Բայց, դրա փոխարեն, այն մարդիկ, ովքեր տնօրինում են այդ սուբսիդիաները, 3 միլիոն դոլարի չափ շահույթ ստացան: Հիմա ո՞ւմ է օգնել կառավարությունը՝ հայ գյուղացիների՞ն, թե՞ հայ կոռուպցիոներներին:







































