Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի համախոհները քննարկում են երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին վերացնելու ծրագիրը: Ինչպես հաղորդում է Georgia Times-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իրակլի Բատիաշվիլին: Նրա խոսքերով՝ մահափորձը պետք է տեղի ունենա մինչև հոկտեմբերին նշանակված նախագահական ընտրությունները:
Բատիաշվիլին նշել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ համախոհները, որոնց մի մասն այսօր գտնվում են արտասահմանում և ուժային կառույցների նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են, ակտիվորեն քննարկում են Բիձինա Իվանաշվիլիին ֆիզիկապես ոչնչացնելու հնարավորությունը:
Նրա խոսքերով՝ հավանաբար դա կարող է տեղի ունենալ (եթե նրանք ընդհանրապես որոշեն դիմել այդ քայլին) մինչև նախագահական ընտրությունները:
Նախկին նախարարը նշել է, որ պատասխանատու չէ տեղեկատվության հստակության համար, սակայն նա հիմք ունի այն համարել բավականին լուրջ:
«Երբ մարդ նման տեղեկատվություն ունի, նույնիսկ եթե այն ճշտված չէ, պարտավոր է հրապարակել այն»,-ընդգծել է նա:
Բատիաշվիլին չի մանրամասնել, թե նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից հստակ ում ի նկատի ունի, սակայն նշել է, որ կան այնպիսիք, որոնք «շատ գումար են դուրս բերել» և խոսքը «շատ մեծ գումարների մասին է»:
«Միայն պաշտպանության նախարարությունից պայուսակներով միլիոնավոր եվրոներ են դուրս բերել այն ժամանակ, երբ նախարար է եղել Բաչո Ախալայան»,-ասել է նախկին նախարարը:
Բատիաշվիլիի կարծիքով՝ մահափորձի նպատակն է իշխանության վերադարձնել «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը, քանի որ այժմ նրանք գիտեն, որ գտնվում են շատ բարդ իրավիճակի մեջ:







































