Ուկրաինան ու Եվրամիությունը ասոցացման մասին համաձայնագիրը կարող են ստորագրել 2013թ. նոյեմբերին, տեղեկացնում է RBK-ն:
Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը կառավարության նիստի ժամանակ՝ մեկնաբանելով իր հանդիպումները Եվրամիության ներկայացուցիչների հետ:
«Անցած շաբաթ Եվրամիության հետ տեղի է ունեցել քաղաքական մակարդակով ակտիվ ու Ուկրաինայի համար որոշիչ երկխոսություն: Մենք համաձայնեցրել ենք աշխատանքի բավական լարված գրաֆիկ, որին հետևելը թույլ կտա ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրել 2013թ. նոյեմբերին, ինչպես նաև պայմաններ ապահովել ԵՄ հետ առանց այցագրի ռեժիմի անցնելու համար»,- ասել է նա:
«Ասոցացման համաձայնագիրը պետք է դառնա ԵՄ հետ համագործակցության «ճանապարհային քարտեզ», որը մենք քննարկում ենք Ուկրաինայի ներսում մեծամասշտաբ վերափոխումների ծրագրի շրջանակում»,- հավելել է նա:
Ազարովի խոսքով՝ կողմերը մտադրվել են բանակցությունների համար օգտագործել փետրվարին երկկողմ գագաթնաժողովն ու հունիսին Համագործակցության հարցերով խորհրդի նիստերի ընձեռած հնարավորությունները: