Սիրիայում ապստամբների կողմից երկու քրիստոնյա հոգևորականներ են առևանգվել: Այս մասին հայտնում է pravoslavie.ru-ն՝ վկայակոչելով Fides գործակալությունը:
Հալեպի հայ-կաթոլիկ եպիսկոպոս Բուտրոս Մարայաթին հայտնել է, որ հայ կաթոլիկ եկեղեցու հոգևորական Միշել Կայալն ու Անտիոքի պատրիարքարանի հոգևորական Մահեր Մահֆուզը առևանգվել են դեռ փետրվարի 9-ին՝ Հալեպից Դամասկոս տանող ճանապարհին:
Նրանց ճակատագրի մասին մինչ օրս տեղեկություններ չկան: Հայտնի չէ նաև, թե որ խմբավորմանն են պատկանում առևանգողները, և որն է առևանգման պատճառը:
Երկու հոգևորականներն էլ եղել են ուղևորներով լի ավտոբուսում: Նրանց հետ է եղել ևս մեկ հոգևորական, որը հանդիսանում է սալեզիանական կաթոլիկ եղբայրության անդամ:
Հաղորդվում է, որ Դամասկոսից 30 կմ հեռավորության վրա ապստամբները կանգնեցրել են ավտոբուսը: Ստուգելով ուղևորների փաստաթղթերը՝ նրանք իրենց հետ տարել են երկու հոգևորականներին:
Հեռանալիս ապստամբներն ասել են, որ ավելի ուշ կհայտնեն իրենց պայմանները, սակայն մինչ օրս ո՛չ հարազատները, ո´չ թեմերը տեղեկություն չունեն, ասել է եպիսկոպոս Մարայաթին:










































