Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ներքին գործերի նախկին նախարար Աշոտ Մանուչարյանը հայտարարեց, որ գալիք նախագահական ընտրություններն անհեթեթություն են և գալիս են ևս մեկ անգամ հաստատելու կողոպուտի համակարգը, որը տարիներ շարունակ գործում է Հայաստանում:
«Արևմտյան ոճի ընտրությունները, այն է՝ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները Հայաստանում լինելու են մեկ փուլով, ոչ մի անակնկալներ, բախումներ չեն լինելու: Իսկ ընտրություններից հետո կլինի մեծ ակտիվություն, քանի որ հասարակությունը մերժելու է ընտրությունների ելքը»,- ասաց նա:
Բանախոսի գնահատմամբ՝ Հայաստանում ամեն ինչ վերածված է բալագանի՝ լրտեսը լրտես չի, մարդասպանը մարդասպան չի, թիրախը թիրախ չի, ոչ մի բանը ոչ մի բան չի. «Հայաստանում մեկ անգամ է ընտրություն կատարվել՝ 1988-1990 թվականներին, երբ ընտրել ենք այն կյանքի տեսակը, որը ցանկացել ենք: Այդ թվականներին իշխանությունը ենթակա էր ժողովրդին: Դրանից հետո Հայաստանում դրված է մի մեծ փոշեկուլ՝ հարստակուլ: 1991 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանն, այո՛, իսկապես ընտրվեց երկրի նախագահ, բայց դա չի նշանակում, որ հենց նրա կառավարման օրոք թալան չի եղել»,- ասաց նա:
Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ բոլորը մտածում են միայն երկիրը թալանելու մասին, այդ պատճառով էլ ընտրական գործընթացը պետք է մերժվի:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































