Ճապոնական էլեկտրոնիկա արտադրող Sharp Corp.-ը կարող է առանձնացնել LCD պանելների արտադրության ստորաբաժանում՝ ֆինանսավորում ստանալով Innovation Network Corporation of Japan (INCJ) ներդրումային հիմնադրամից: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության ծրագրին ծանոթ աղբյուրին:
Վերակազմավորման ծրագրի շրջանակներում էլեկտրոնիկայի ճապոնական արտադրողը ծրագրում է պահպանել հիմնական մասը LCD պանելների արտադրության ստորաբաժանման մեջ։ Այս մասին գործակալությանը հայտնել է աղբյուրը՝ նշելով, որ INCJ-ի ֆինանսավորման մանրամասները դեռ որոշված չեն:
Գործակալության տեղեկությունները հաստատում է ավելի վաղ ճապոնական Nikkei պարբերականի հրապարակած լուրն այն մասին, որ Sharp-ի ստորաբաժանումն առանձին կլինի արդեն ընթացիկ ֆինանսական տարում: Հաղորդվում էր նաև, որ INCJ-ն կարող է 836 մլն դոլար ներդնել նոր ընկերությունում:
Ընկերության ներկայացուցիչը պարբերականին հաստատել է, որ Sharp-ը LCD պանելների արտադրության բիզնեսի համար տարբեր որոշումներ է քննարկում՝ նշելով, որ վերջնական որոշում դեռ չի ընդունվել:








































