Ստամբուլի գլխավոր դատախազությունը 34 զինծառայողների ձերբակալման և կալանքի օրդեր է տվել, որոնք կասկածվում են լրտեսության, ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցության և կառավարության աշխատանքի խոչընդոտման փորձերի մեջ: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Համապատասխան որոշումն ընդունվել է այսպես կոչված՝ զուգահեռ պետության, «Սելյամ թաուհիդ» ահաբեկչական կազմակերպության գործունեության և նրա հետ կապված միջադեպի՝ զինծառայողների կողմից Թուրքիայի Սզգային հետախուզական կազմակերպությանը պատկանող՝ 2014թ. հունվարին դեպի թուրք-սիրիական սահման շարժվող բեռնատարների զննության հետաքննության գործընթացում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ձերբակալվածները կասկածվում են «Սելյամ թաուհիդին» անդամակցելու և «որոշակի շրջանակների» գործունեությանը մասնակցելու մեջ, որոնց նպատակն է «Թուրքիայի կառավարության փոփոխությունը և նրա աշխատանքի խոչընդոտումը»:
Համարվում է, որ այդ կազմակերպության անդամ են ԱՄՆ-ում բնակվող թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի ստեղծած «Հիզմեթ» շարժման անդամները: Նրանց մեղադրում են երկրի ղեկավարության հեռախոսները անօրինական գաղտնալսելու մեջ:








































