Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Գործընկերություն՝ հանուն բաց հասարակության» կենտրոնի կազմակերպած քննարկումների ընթացքում անդրադառնալով ԸՕ-ի փոփոխություններին, պատմեց այն մասին, թե ինչպես վերջին համապետական ընտրությունների ժամանակ իր դիտորդ եղած ընտրատեղամասերից մեկում հանձնաժողովի նախագահը հեռախոսազանգով պատվեր է ստացել, թե ինչ տոկոսային հարաբերակցություն պիտի ստացվի, և արդյունքում արձանագրվել է 1670 հոգու մասնակցություն, այն դեպքում, երբ իրականում մասնակցել են 620 ընտրող:
«Սա փոքրիկ պատմություն է այն մասին, թե ինչպես Հայաստան պետությունը զավթած ռեժիմը կարողանում է տեղամասային մակարդակով կառուցել այն ֆորմատը, որը պետք էր: Դա է պատճառը, որ մենք առաջարկում ենք իրականացնել տոտալ հեռուստամոնիտորինգ բոլոր տեղամասերում»,- նշեց Բարսեղյանը և հավելեց, որ առնվազն հինգ տեսախցիկ պիտի նկարահանի ընտրատեղամասը սկզբից մինչև վերջ թե՛ ներսում, թե՛ դրսում: Բարսեղյանը նշեց, որ այդ ամենը 12 միլիոն դոլար է պահանջում, ինչը սակայն մերժվել է, և պարզ է, որ ձեռնատու չէր իշխանություններին:
Բարսեղյանի գնահատմամբ, ԸՕ փոփոխությունները իմիտացիոն են և ուղղված են պետությունը զավթած ռեժիմի իշխանության երկարակեցության ապահովմանը: Նրա խոսքերով, ընտրակաշառքի դերը ապագայում կտրուկ նվազելու է, քանզի ընտրական տեղամասային հանձնաժողովը կազմելու է այն արձանագրությունը, որը պետք է: Բարսեղյանը հիշեցրեց, թե ինչպես 2009 թ. Երևանի ավագանու ընտրություններից հետո երեք հոգու նկատմամբ մեղադրանք ներկայացվեց ընտրախախտումների համար, սակայն մի քանի օրից համաներման շնորհիվ նրանք ազատ արձակվեցին. «Նրանք գիտեին, որ այդպես էլ լինելու է»:









































