Հայտնի ամերիկյան երգչուհի Լեդի Գագան հայտարարել է հոդերի հետ կապված լուրջ հիվանդության մասին, որը նրան որոշ ժամանակ թույլ չի տա ելույթ ունենալ:Այս մասին երգչուհին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում,- փոխանցում է ITAR-TASS-ը:
«Ես վնասվածքներն ու ցավը մի քանի ամիս թաքցրել եմ իմ կոլեկտիվից՝ աղոթելով, որ բուժվեմ, սակայն երեկվա ելույթից հետո չեմ կարողանում քայլել»,-իր երկրպագուներին հայտնել է Լեդի Գագան:
Բժիշկների ախտորոշումը հետևյալն է՝ սինովիտ կամ հոդերի բորբոքում, որը կարող էր առաջանալ ձգումից, մեծ ծանրաբեռնվածությունից կամ հարվածից:
Առողջական խնդրի հետ կապված երգչուհին ստիպված է հետաձգել 4 համերգ իր համաշխարհային շրջագայության հյուսիսամերիկյան հատվածում: Ներկայումս պաշտոնապես հետաձգվել են նրա ելույթները Չիկագոյում (փետրվարի 13 և 14), Դետրոյթում (փետրվարի 16) և Համիլթոնում (փետրվարի 17):










































