Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտնի է դարձել, որ թուրք զինվորները «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) սպանված զինյալներին զանգվածաբար թաղել են հայկական եկեղեցու բակում:
Խոսքը 1984 և 1994 թվականներին Սղերթ նահանգի Շիրվան շրջանում գրանցված երկու բախման արդյունքում սպանված 7 PKK-ականների մասին է: Թուրք զինվորները նրանց թաղել են դեռևս 1915 թվականին ավերված և տեղաբնակների շրջանում որպես «Գյավուրի դուռ» (Derafılla) հայտնի հայկական եկեղեցու բակում:
Հիշեցնենք, որ փետրվարի կեսերին հերթական քրդական (PKK-ական) եղբայրական գերեզմանը հայտնաբերվել էր Վանի նահանգում, ուր թաղվել էին 1995 թվականին թուրք զինվորների կողմից սպանված 9 PKK-ականներ:
Եղբայրական գերեզմանի հայտնաբերմանը մեծապես նպաստել են տեղաբնակները, ովքեր նշել են, որ PKK-ականներին սպանելուց և թաղելուց հետո թուրք զինվորներն իրենց սպառնացել են, որ պետության դեմ դուրս եկող ցանկացած մարդ կարժանանա այդ բախտին: Ապա թուրք զինվորները հավելել են, թե այսօր իրենք սպանել են 9 հայի:







































