ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում EUobserver-ին տված հարցազրույցում նշել է, որ Թուրքիայի դեմ Սիրիայի հարձակման դեպքում դաշինքը կանցնի պատասխան գործողությունների: Ռասմուսենը նշել է, որ ինքը դեմ է Սիրիայում ռազմական միջամտությանը մինչ Թուրքիայի դեմ նրա հարձակումը: Այս մասին հայտնում է TRT-ն:
Հարցազրույցում Ռասմուսենը՝ նշելով, որ ՆԱՏՕ-ն աշխարհի ոստիկանությունը չէ, հայտնել է, որ իրենք անհանգստացած են սիրիական զորքերի կողմից իրականացվող մարդու իրավունքների ոտնահարումներով, սակայն դաշինքի անդամների պաշտպանությունը իրենց համար ավելի կարևոր է, քան մարդու իրավունքը:
Ընդգծելով, որ Սիրիայում միջամտություն չցուցաբերելու գլխավոր պատճառը դրական արդյունքի հանդեպ վստահության բացակայությունն է, Ռասմուսենը նախազգուշացրել է. «Սիրիական հասարակությունն ունի շատ բարդ կառուցվածք՝ քաղաքական, էթնիկ, կրոնական և տարածաշրջանային, և նման երկրում ռազմական միջամտությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների»: Նա նշել է, որ Սիրիայում ռազմական միջամտություն սկսելու համար առիթ կարող է լինել հարձակումը Թուրքիայի դեմ:
Անդրադառնալով մի քանի երկրների, ինչպիսիք են, օրինակ, Ֆրանսիան և Լեհաստանը, առաջարկին՝ ՆԱՏՕ-ից անկախ Պաշտպանության եվրոպական ուժերի ստեղծման մասին, Ռասմուսենը հայտարարել է, որ դա կլինի ռեսուրսների զուր վատնում:









































