Գեներալ Ջոզեֆ Դանդորֆը զբաղեցրել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարի պաշտոնը: Նա այդ պաշտոնում կփոխարինի գեներալ Ջոն Ալենին: Դանդորֆը Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի հրամանատարությունը զբաղեցրել է Քաբուլում գտնվող դաշինքի կենտրոնակայանում տեղի ունեցած պաշտոնական արարողությամբ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նախկինում Դանդորֆը զբաղեցրել է ԱՄՆ ծովահետևակային կորպուսի հրամանատարի օգնականի պաշտոնը: Այժմ գեներալը պետք է վերահսկի Աֆղանստանից ԱՄՆ ուժերի դուրսբերումը:
Նոր պաշտոնում նշանակվելու առնչությամբ նրան արդեն շնորհավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը: Վերջինս Twitter-ի իր միկրոբլոգում նրան հաջողություն է մաղթել և հայտնել, որ ակնկալում է նրա հետ սերտ համագործակցություն:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Ջոն Ալենը Աֆղանստանում հրամանատարությունից հեռանալուց հետո կգլխավորի Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերը:











































