ԱՄՆ-ի հյուսիսարևելյան ափը իր իշխանության տակ առած «Նեմո» փոթորիկը Նյու Յորքին բերել է երկար սպասված ձյուն: Մեգապոլիսի բնակիչները վերջին երկու տարիներին ձյուն չէին տեսել:
Ձյան շերտի հաստությունը մեգապոլիսում կազմել է 27 սմ: Տարբեր տարիքի նյույորքցիները դուրս են եկել փողոցներ, այգիներ ու հրապարակներ՝ ձնագնդի խաղալու ու ձնեմարդ պատրաստելու: Երեկոյան արդեն քաղաքի փողոցներում հայտնվել են Նյու Յորքի հազվագյուտ «հյուրերը»՝ ձնեմարդերը:
Նյու Յորքի գործարար կենտրոնում իդեալական եղանակ է զբոսանքի համար՝ փափուկ ձյուն, արև, անամպ երկինք և ընդամենը 1 աստիճան ցուրտ:
Նյույորքցիների ուրախությունը, սակայն, երկար չի տևի: Հաջորդ շաբաթ սպասվում է 5-8 աստիճան տաքություն:
«Մեր բախտը բերել է»,- հայտարարել է քաղաքապետ Մայքլ Բլումբերգը՝ նշելով, որ փոթորիկը քաղաքին մեծ տհաճություններ չի պատճառել:










































