Վրաստանի ՆԳ նախարարությունն այսօր հայտարարել է լրտեսության համար մեղադրվող 13 մարդու ձերբակալման մասին, որոնցից չորսը Ռուսաստանի քաղաքացիներ են: Այդ մասին հաղորդում են վրաստանյան գործակալությունները: Տեղեկությունը հայտնել է լրագրողներին Վրաստանի ՆԳ նախարարության հակահետախուզության դեպարտամենտի փոխտնօրեն Օթար Օրջոնիկիձեն: «Վրաստանի ՆԳ նախարարության հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից անցկացված գործողության շնորհիվ հայտնաբերվել են տասնյակ մարդիկ, որոնք համագործակցում կամ այս կամ այն կերպ կապված են Ռուսաստանի հատուկ ծառայությունների, մասնավորապես` ՌԴ-ի զինուժերի գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության հետ: Նրանցից 13-ը ձերբակալվել են լրտեսության եւ օտարերկրյա պետության հատուկ ծառայություններին միանալու մեղադրանքով: Նրանցից չորսը Ռուսաստանի քաղաքացիներ են»,-ասել է Օրջոնիկիձեն: Նա նշել Է, որ դա գործողության առաջին փուլն Է, ընդ որում՝ «բոլոր այդ անձինք ձերբակալվել Էին դեռեւս հոկտեմբերին»:
Ձերբակալվածների շարքում են Վրաստանի քաղաքացիներ` Բակուր Կիգուրաձեն, Վյաչեսլավ Պլուժնիկովը, Գաբրիել Ուստալիշվիլին, Դավիթ Մեսխիձեն, Գոչա Դիասամիջեն, Տարիել Աբաշիձեն, Ռուսլան Գալոգրեին, Էդուարդ Աբդուլովը, եւ Ռուսաստանի քաղաքացիներ ` Արմեն Գեւորգյանը, Ռուբեն Շիկոյանը, Պետրե Դավրիշաձեն եւ Յուրի Սկրիպնիկովը:
Ըստ Trend-ի` բոլոր ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկու ամսվա ազատազրկումը: