Այսօր, ժամը 15.00-ի սահմաններում, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը այցելեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին` տեղում ծանոթանալու նրա առողջական խնդիրներին, քննարկելու առողջական վիճակի գնահատման կազմակերպման հարցերը։ Նրա հետ մոտավորապես կես ժամ զրուցելուց հետո նախարարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ պայմանավորվել է Անդրիաս Ղուկասյանի հետ՝ մոտ օրերս համալիր քննություններ կիրականացնեն թեկնածու Անդրիաս Ղուկասյանի վիճակը գնահատելու համար:
Ըստ նրա՝ բանն այն է, որ սկսած 20-րդ օրվանից՝ օրգանիզմում կարող են լուրջ փոփոխություններ տեղի ունենալ, ուստի պարտավոր են ուսումնասիրել առողջական վիճակը, գնահատական տալ և թեկնածուին տեղյակ պահել հնարավոր բարդացումների մասին:
«Այս պայմաններում այդ հետազոտություններն անցկացնելն անհնարին է: Կան հետազոտություններ, որոնք պահանջում են լրացուցիչ գործիքային և այլ տիպի քննություններ, և դա մենք պարտավոր ենք իրականացնել հիվանդանոցային պայմաններում: Խնդրել եմ, որ մեկ-երկու օրվա ընթացքում իրեն հարմար կլինիկայում կազմակերպվեն այդ հետազոտությունները, որոնց կմասնակցեն հանրապետության լավագույն մասնագետները: Սա անհրաժեշտություն է, որպեսզի մենք խուսափենք անդառնալի հետևանքներից: Եթե կյանքին վտանգ սպառնա, կմտածենք հոսպիտալիզացիայի մասին: Եթե ինքը հնարավորություն ունենա կարծիք հայտնելու, մենք նրան տեղյակ կպահենք, եթե ոչ՝ պարտավոր ենք իր առողջության մասին հոգ տանել, որպեսզի անդառնալի հետևանքներ չլինեն»,- մանրամասնեց Դերենիկ Դումանյանը:
Մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ տեսանյութի միջոցով:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































