Սիրիացի ապստամբները Իդլիբ նահանգն իրենց վերահսկողության տակ վերցնելու նպատակով օպերացիա են սկսել: Այս մասին հայտնում է Time-ը:
Մի քանի շաբաթ առաջ մշակված պլանի համաձայն՝ զինված ընդդիմության տարբեր ստորաբաժանումներ միաժամանակ հարձակվել են մի քանի ռազմաբազաների և բնակավայրերի վրա, որոնք դեռ մնում են կառավարական ուժերի վերահսկողության ներքո: Մասնավորապես, հարձակման է ենթարկվել Վադի-Դեյֆ գյուղի տանկային գունդը, ինչպես նաև Աբու-Դուհուրի ավիաբազան և երկու խոշոր պատվարային կետեր:
Ի տարբերություն հարձակման նախկին փորձերի՝ այս օպերացիան մանրակրկիտ ծրագրված է և ղեկավարվում է միասնական կենտրոնից: Ընդդիմության բոլոր գործողությունները համակարգում է նահանգի Միավորված շարիաթական դատարանը, որը ղեկավարում են «Ալ-Նուսրա» ճակատի իսլամիստները:
Շտաբը ղեկավարում են 4 տարածաշրջանային «ճակատները», որոնցից յուրաքանչյուրից 7-ական մարդ է ներառված շտաբում:
Իդլիբում օպերացիան ժամանակային առումով համընկել է Դամասկոսում մարտական գործողությունների ակտիվացման հետ: Մայրաքաղաքում ընդդիմադիրներն ու կառավարական ուժերը սկսել են մարտնչել օղակաձև ավտոճանապարհի համար:









































