Հայոց ցեղասպանության հարցը հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ է: Յուրաքանչյուր հայի ընտանիք ունի պատմություն. ցեղասպանության պատմությունը բոլորին է վերաբերում և հենց այդ պատճառով հարցը արդիական է յուրաքաչյուրի համար: Այս մասին մարտի 18-ին հայտարարել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` ելույթ ունենալով «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա խորհրդաժողովում:
Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ այսօր էլ` հարյուր տարի անց, Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը, իսկ Ցեղասպանությունը չի ավարտվել այնքան ժամանակ, քանի դեռ այն չի ճանաչվել և դատապարտվել: «Միջազգային պայքար պետք է տանել ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործության դեմ: Մենք Ցեղասպանության մասին խոսում ենք, ոչ թե այն պատճառով, որ հաճելի է մեզ, այլ որպես ազգ, որ վերապրել է Ցեղասպանությունը, օգնել միջազգային հանրությանը` պահել հարցը ուշադրության կենտրոնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Սարգսյանը:
Այսօրվա Թուրքիան շարունակում է ժխտել հարյուր տարի առաջ կատարված հանցագործությունը: Դա թշնամական քաղաքականություն է: Թշնամական վերաբերմունքը նա ցուցադրում է միջազգային բոլոր կազմակերպություններում և պաշտպանում հակահայկական բոլոր նախաձեռնությունները, որը իրականացնում է Ադրբեջանը: «Ցեղասպանության պատմությունը չի վերջացել, քանի որ այսօր էլ այդ հանցագործությունը կրկնվում է: Հենց դա է պատճառը, որ մենք պետք է շարունակենք այդ թեմայով խոսել, քննարկել»,- ընդգծել է Վիգեն Սարգսյանը` մեջբերելով Հիտլերի՝ իր բանակին ուղղված խոսքերն այն մասին, թե ով է հիշում հայերի ցեղասպանությունը:
Վիգեն Սարգսյանի փոխանցմամբ, սա նախազգուշացում է, որ Ցեղասպանության չճանաչումը պետք է դատապարտվի:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում











































