Իրանը կատարելագործված հրթիռներ է մատակարարում Իրաք՝ իրաքցի զինվորականներին օգնելու համար Թիքրիթը ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») գրոհայիններից ազատագրելու գործողության ընթացքում: Այս մասին հայտնում է New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան անանուն աղբյուրներին:
Աղբյուրները, հղում անելով ԱՄՆ հետախուզության տվյալներին, հայտնել են, որ անցած մի քանի շաբաթներին Թիքրիթի մոտ կենտրոնացել է իրաքցի մոտ 30 հազար զինվորական, որոնց երկու երրորդն ուսուցում է անցել իրանական բանակի ղեկավարությամբ: Իրաքի տարածք են տարվել նաև իրանական ծագմամբ ռազմամթերք:
Աղբյուրներից մեկի խոսքով՝ Իրաքին մատակարարվել են իրանական «Ֆաջր-5» չկառավարվող հրթիռներ, որոնք կարող են թիրախին հարվածել մինչև 75 կմ հեռավորության վրա, և «Ֆաթեհ-110», որոնց թռիչքի հեռահարությունը 300 կմ է:
Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Իրաքին մատակարարվել են հրթիռների մի քիչ փոփոխված տարբերակներ: Ներկայումս հրթիռների և արձակման կայանների մատակարարումների ծավալները պարզ չեն:
Աղբյուրների տեղեկությամբ՝ այդպիսի հրթիռների մատակարարումների կազմակերպման պատճառն այն է, որ իրաքյան բանակի տրամադրության տակ գտնվող հրետանին չի կարողանում հասնել քաղաքի շուրջը տեղակայված մարտական թիրախներին:
Իրենց հերթին, ռազմական մասնագետները կասկածի տակ են դրել Թիքրիթի համար պայքարում հրթիռների կիրառման արդյունավետությունը և խաղաղ բնակչության շրջանում հնարավոր զոհերի աճ են կանխատեսում, քանի որ վերջերս իսլամիստների դեմ մարտերը տարվում են մոտ հեռավորություններից:









































