ԱՄՆ 19 քաղաքներում McDonalad’s ռեստորանների աշխատակիցները բողոքել են աշխատանքի պաշտպանության կանոնների բազմաթիվ խախտումների դեմ: Նրանց խոսքերով՝ անվտանգության տեխնիկայի ապահովման պարբերական պահանջների անտեսումը գործատուների կողմից հանգեցրել է նրան, որ հասարակական սննդի այդ հաստատությունների շատ աշխատակիցներ «այրվածքներ են ստացել բուսական յուղից, իսկ նրանց աշխատանքային պայմաններն անտանելի են դարձել»: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Ընդհանուր առմամբ ներկայացվել է 28 բողոք այդ համակարգի 19 ռեստորանի դեմ, ինչպես նաև McDonalad’s Corp-ի անմիջական ենթակայության ներքո աշխատող 9 հաստատության դեմ:
McDonalad’s-ի աշխատակիցների խոսքերով՝ ժամանակը տնտեսելու նպատակով ղեկավարությունը նրանց ստիպում էր մաքրել բուսական յուղը, երբ այն դեռևս շատ տաք էր, ինչի արդյունքում աշխատակիցները լուրջ այրվածքներ են ստացել:
Դրա հետ մեկտեղ՝ հաստատություններում բացակայում են ամենաանհրաժեշտ դեղորայքները, իսկ մենեջերներն առաջարկում են վերքերը մշակել ձեռքի տակ եղած միջոցներով, օրինակ՝ մանանեխով կամ մայոնեզով:
Բացի այս ամենից, աշխատակիցները բողոքում են ռասայական խտրականության, աշխատավարձի չվճարման կամ ուշացումների դեմ, ինչպես նաև որպես պատժաձև՝ տուգանքների և արհմիության ստեղծման փորձերի համար հեռացումների սպառնալիքի դեմ:









































