Արցախյան հերոսամարտը լավագույն պատասխանն է այն հարցի, թե ինչ պետք է անի հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո: Արցախյան հերոսամարտը վերականգնեց հայ ժողովրդի ոգին` զոհից վերածվելով հաղթողի, հետևաբար, ունենալով պատմական այդ փաստը, հայ ժողովուրդը ոչ թե պետք է հետ նայի, այլ հայացքն ուղղի վերածնվելուն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն սրբազան Միրզախանյանը:
Սրբազանը շեշտել է, որ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի լուծել իր հարցերը իր հնարավորությունների սահմանում, հույսը դնի սեփական ուժի և կարողությունների վրա:
«Առաջին հերթին հայ ժողովուրդը պետք է ապրի իր մայր հողում: Դրանով կկարողանա պահել իր ինքնությունն ու վերակազմավորվել: Իմ տեսիլքն ու աղոթքն է, թող դա որպես պատգամ հնչի, որ մենք միշտ մեր ուժերի վրա վստահ լինենք, նայենք մեր ժողովրդին, մեր հնարավորություններին և, անպայման, այս ամենի մեջ դնենք մեր քրիստոնեական հավատքը, սերն ու հանդուրժողականությունը միմյանց նկատմամբ, ներսի ավելորդությունները դուրս շպրտենք և մեր ուժերը պատրաստ պահենք` դիմակայելու ընդհանուր հակառակորդներին»,- ասել է սրբազանը։
Նա հավելել է, որ Ցեղասպանության տարելիցի առնչությամբ երազանքը պետք է վերածել նպատակի. ժողովրդի լայն զանգվածները պետք է կրթվեն, դաստիարակվեն և գիտության ոլորտում ձեռքբերումները պետք է ավելի աղաղակող լինեն:
«Առանց գիտության անհնար է, կրթվելը պետք է դառնա մեր առաջնահերթությունը: Որպես հոգևոր առաջնորդ ոգևորված եմ մեր երիտասարդությամբ: Իմ հոգևոր հորդորն է, որ միասին ապրենք: Պատգամներ հղելը շատ հեշտ է: Պատգամներն իրականություն դարձնելու համար պետք է ստեղծել ընդհանուր մթնոլորտ, որ մարդիկ կարողանան իրենց գիտելիքներն ու երազանքներն իրականություն դարձնել: Հոգևորականները, քաղաքական այրերը, մտավորականները` բոլորով միասին պետք է ձևավորենք մթնոլորտ, որտեղ բոլորը կկարողանան իրականացնել իրենց երազանքները, և դա կլինի մեր պետության պատասխանն ու ցեղասպանությունը վերապրածների սերունդների վերածնունդը»,- ասել է սրբազանը:
Անդրադառնալով Վրաստանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին` նա տեղեկացրել է, որ ողջ տարվա համար նախատեսվում է տարատեսակ միջոցառումների անցկացում, քույր եկեղեցիներում կմատուցվի պատարագ նահատակների հիշատակին, կհրատարակվեն գրքեր, իսկ Վրաստանի հայաբնակ բոլոր վայրերում կտեղադրվեն խաչքարեր:
«Հիմնական նպատակը երիտասարդության շրջանում Հայոց ցեղասպանության հիշողությունն արթուն պահելն է, ունենալ պատասխանատվություն մեր ներկայի ու ապագայի համար և մեր հայացքն ուղղել դեպի վերածնունդը: Այս երեք գաղափարներն են դրված միջոցառումների հիմքում: Այո՛, մենք կորցրել ենք, բայց չենք մեռել:Մենք` Հայաստանից դուրս ապրող հայերս, ապրում ենք Հայաստանով, Սուրբ էջմիածնով, Արցախով»,- ասել է սրբազանը` շեշտելով, որ սփյուռքի համայնքներում նկատում է միավորում և համերաշխություն:
«Մեր ընդհանուր վիշտը միավորում է մեզ: Սա պարունակում է նոր բան ծնելու, ստեղծելու խորհուրդ: Մայր հայրենիքում, որքան էլ անցանկալի իրադարձություններ են տեղի ունենում, մենք, որպես ժողովուրդ, միավորվում ենք և 100-րդ տարելիցից հետո շարունակելու ենք ապրել, զարգանալ, ստեղծել: Վրաստանում մենք շարունակելու ենք նորոգել մեր եկեղեցիները, հորդորել, որ վիրահայերը գնան հայկական դպրոց, որ մեր թատրոնը վերանորոգվի, որ պահպանենք մեր Պանթեոնը, մեր Վերնատունը, մեր Հայարտունը, մյուս կրթական-մշակութային կառույցները և դրանով պահպանենք հայի ներկայությունը, հայկական մշակույթը` այն հեռավոր տեսլիքով, որ մի օր մենք բոլորս վերադառնալու ենք մայր հայրենիք: Սա պետք է լինի մեր այսօրվա պատգամը: Առանց հայրենիքում ապրելու` հայությունը կորսված է»,- ասել է սրբազանը` հավելելով, որ առաջին հերթին պետք է մտածել արտագաղթը կանխելու և հայրենադարձության մասին:








































