Ավստրալիայի ոստիկանությունն օրական մոտ 400 մարդու է ստուգում երկրի օդանավակայաններում ՝ պոտենցիալ ջիհադիստների մեկնումն արտերկիր կանխելու համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Պաշտոնական տեղեկություններով՝ ոստիկանության նոր հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցներն օգոստոսից փետրվար երկրի 8 օդանավակայաններում ստուգել են մոտ 76 հազար մարդու։
Ոստիկանները ստուգում են, իրենց կարծիքով, առավել կասկածելի ուղևորներին։
Ավստրալական հատուկ ծառայությունները ենթադրում են, որ երկրի մոտ 90 քաղաքացիներ կռվում են Մերձավոր Արևելքում իսլամիստ գրոհայինների շարքերում։
Ավստրալիայի միգրացիոն հարցերով նախարարի ներկայացուցչի խոսքով՝ օգոստոսից ոստիկաններին հաջողվել է ձերբակալել մի քանի մարդու, ովքեր սպառնալիք են ներկայացրել ազգային անվտանգությանը։









































