Առաջիկա օրերին ԱՄՆ Կոնգրեսը հետաքննություն կսկսի` նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից անձնական էլեկտրոնային փոստը ծառայողական նպատակով կիրառելու գործով, հաղորդում է ABC հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ հաջորդ շաբաթ համապատասխան հայտարարությամբ հանդես կգա ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյները:
Քլինթոնի շուրջ սկանդալը ծագել է մարտի սկզբին: Տեղեկատվությունն այն մասին, որ պետդեպարտամենտի նախկին ղեկավարը անձնական էլեկտրոնային փոստը օգտագործել է ծառայողական նամակներ գրելու համար, իրարանցում է առաջացրել Վաշինգտոնում և հանրապետական ընդդիմությանը թույլ է տվել Քլինթոնին մեղադրել ներքին անվտանգության կանոնները խախտելու համար:
Այս կապակցությամբ Քլինթոնը հայտարարել է, որ ճիշտ չի վարվել՝ հավելելով, որ նման կերպ գաղտնի տեղեկատվություն չի ուղարկել: Բացի դրանից՝ նա պետդեպարտամենտին է փոխանցել ամբողջ գործնական նամակագրությունը, իսկ անձնական նամակները՝ ավելի քան 30 հազար, ջնջել է էլեկտրոնային փոստից:











































