Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մի շարք փոխատեղումներ է կատարել քրեակատարողական հիմնարկներում, որոնցից ամենաուշագրավը, թերևս, նորաբաց «Արմավիր» ՔԿՀ-ի պետի փոփոխությունն էր: «Արմավիր» ՔԿՀ պետ Արսեն Խշտոյանը նշանակվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետը, իսկ նրան «Արմավիր» ՔԿՀ-ում փոխարինել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը: Վերջինս, նշենք, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի դասընկերն է:
Այսօր «Առաջին լրատվական»-ը Նավասարդյանից փորձեց պարզել՝ որո՞նք են լինելու նրա առաջնահերթությունները նորաբաց ՔԿՀ-ում, որը խոստանում է լուծել մի շարք խնդիրներ:
Տիգրան Նավասարդյանն ասաց, որ անելու է առավելագույնը, որ ՔԿՀ-ում բացառվեն ամեն տեսակի «բացասական, մութ, սև բաները»: «Կոռուպցիա, ինչ-որ դեպքեր, ամեն տեսակի բացասական, մութ, սև բաները պետք է չլինեն այս նոր հիմնարկում»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Նա նաև նշեց, որ «Արմավիր» ՔԿՀ-ն դեռ «բնակեցված» չէ, իսկ թե ե՞րբ դատապարտյալներն ամբողջությամբ կտեղափոխվեն ՔԿՀ, չգիտի: «Դեռ ոչ մի բան արված չէ: Մի 60-70 հոգի մարդ կա, բայց թե ի՞նչ ժամկետներում բոլոր դատապարտյալները կտեղափոխվեն, ես դեռ չգիտեմ: Ես հիմնարկի պետն եմ ու հիմնարկն եմ ղեկավարում: Իսկ թե ո՞նց են անում, ի՞նչ ժամկետներում են բերում, ես այդ հարցերին չեմ կարող պատասխանել»,- նշեց Նավասարդյանը:
Նաև հետաքրքրվեցինք՝ իր առաջընթացը՝ նոր նշանակումը, պայմանավորվա՞ծ է նախարարի դասընկերը լինելու հանգամանքով, թե՞ այլ գործոններ էլ կան: «Ես 20 տարի է էս համակարգում եմ: Նախկինում 7 հիմնարկ եմ ղեկավարել: Էնպես չի, որ ես կուլտուրայի մինիստր եմ եղել, հիմա էլ բերել, նշանակել են ՔԿՀ պետ»,- եղավ պատասխանը:
Նշենք, որ Տիգրան Նավասարդյանի անունը շրջանառվում էր նաև ամիսներ առաջ, երբ թափուր էր Քրեակատարողական վարչության պետի պաշտոնը: Սակայն այդ պաշտոնը Հայկ Հարությունյանից հետո վստահվեց փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին: Իսկ Նավասարդյանին տրվեց ոչ պակաս պատասխանատու` «Արմավիր» ՔԿՀ-ի պետի պաշտոնը:
Նշենք նաև, որ առաջիկայում նախատեսվում է «Արմավիր» ՔԿՀ-ի առաջին մասնաշենք տեղափոխել առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված 400 դատապարտյալի: Այնուհետև` արդեն երկրորդ մասնաշենքի բացումից հետո, որը, Հովհաննես Մանուկյանի խոսքով, կլինի այս տարի, այնտեղ հնարավոր կլինի տեղափոխել ևս 1200 դատապարտյալի:
Բացի այդ` «Արմավիր» ՔԿՀ-ում կգործի նաև 120 մարդու համար նախատեսված հիվանդանոց:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի վստահեցմամբ` այս նոր ՔԿՀ-ն կլուծի քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը:








































