ՀՀ առողջապահության նախարարության Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում ՀՀ առողջապահության նախարարի մասնակցությամբ քննարկվել են կենտրոնի վերջին 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը:
Կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված փոփոխությունները, մասնավորապես` նյութատեխնիկական և շենքային պայմանների բարելավման նուղղված աշխատանքները:
Արմեն Տանանյանը նշել է, որ կենտրոնի 580 բուժանձնակազմը տարեկան բուժօգնություն է մատուցում շուրջ 40 հազար մարդու: 2015թ. առաջին երկու ամիսներին կենտրոնում կատարվել է 660 վիրահատություն, ինչը 40-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Նա ներկայացրեց հիվանդացության և մահացության ցուցանիշները:
Անդրադարձ է կատարել նաև կենտրոնում պետական պատվերի տեղադրման, համավճարի ներդրման, դեղերի ձեռքբերման գործընթացներին, դրանց թափանցիկության ապահովմանը:
Ներկայացնելով կենտրոնի ֆինանսատնտեսական ցուցանիշները` ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանն ընդգծել է, որ 2012թ. հոկտեմբերից համավճարի ներդրմամբ կենտրոնի ֆինանսական հոսքերն առավել վերահսկելի, թափանցիկ և կանոնակարգվածենդարձել:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկմանև կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը ներկայացրեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարի կանխարգելմանն ուղղված աշխատանքները, որոնց բարելավման համար անհրաժեշտ է իրականացնել համակարգային բարեփոխումներ, համալիր միջոցառումներ, ինչպես նաև պատշաճ հսկողություն:
Ամփոփելով խորհրդակցությունը`ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շեշտել է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնն աչքի է ընկնում իր որակյալ, կայացած մասնագետներով:
Նա նշել է, որ լավագույն ցուցանիշներին հասնելու համար երկարամյա պատմություն ունեցող բժշկական այս հաստատության զարգացմանը, խնդիրների լուծմանը միտված ծրագրերը պետք է շարունակական լինեն:
Հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, ինչպես նաև կենտրոնի ղեկավարությունը պատասխանեցին բուժաշխատողների հարցերին:
Կարևորվել է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված շարունակական աշխատանքների իրականացումը:
Պայմանավորվածություն ձեռք է բերվել ընդլայնված կազմով հաջորդ քննարկումն անցկացնել սեպտեմբերին:







































