«Logos Expo Center» ցուցահանդեսային ընկերությունում, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության օժանդակությամբ, այսօր բացվեց «Կովկաս. շինարարություն և վերանորոգում էքսպո-2015» մասնագիտացված ցուցահանդեսը, որն ամենախոշոր շինարարական ցուցահանդեսն է Հայաստանում:
Էքսպոյի բացմանը ներկա քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կարևորեց ցուցահանդեսի բացումը՝ նշելով, որ այն նպաստում է մասնակից կազմակերպությունների գործնական կապերի ամրապնդմանը, բիզնեսի զարգացմանը:
«Կառավարությունը հատկապես վերջին շրջանում էական, լուրջ քայլեր է սկսել ձեռնարկել շինարարության ոլորտը զարգացնելու ուղղությամբ: Ընդհանրապես, շինարարությունը Հայաստանում բավական առանձնահատուկ ընկալում ունի, բայց, մեր պատկերացմամբ, շինարարությունը երկրի զարգացումն ապահովող կարևորագույն հատված է և կարևորագույն ուղղություն, որն ասոցացվում է պետականության կառուցման հետ»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Ցուցահանդեսին ներկայացված էին խոշոր շինարարական ապրանքանիշեր Հայաստանից, Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և մի շարք այլ երկրներից:










































