Մադրիդի «Ռեալ»-ի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` գերմանական «Շալկե»-ի դեմ պատասխան խաղից առաջ տված մամլո ասուլիսի ընթացքում խոսել է «արքայական ակումբ»-ի մարտավարության մասին, տեղեկացնում է իսպանական AS-ը:
«Բեյլի, Բենզեմայի և Ռոնալդուի տեղը մեկնարկային կազմում քննարկման ենթակա չէ, քանի որ վերջիններս թիմի համար մեծ դեր են խաղում: Ես վստահում եմ նրանց: Թիմում անկում է գրանցվել, սակայն դա հարձակման եռյակի պատճառով չէ:
Մենք չենք պատրաստվում փոխել մեր խաղաոճը: Ինչ վերաբերում է Կրոսին, ապա չեմ կարծում, որ նրա խնդիրը հոգնածության մեջ է: Վերջին երկու ամսվա ընթացքում մենք այդքան էլ շատ հանդիպումներ չենք անցկացրել, այդ իսկ պատճառով Կրոսին հանգիստ պետք չէ: Դա, ամենայն հավանականությամբ, տեխնիկական խնդիր է, որը պետք է շուտափույթ լուծում ստանա:
Էդեգորը չի մասնակցի հանդիպմանը: Մարտինը հիանալի հանդիպումներ է անցկացրել «Կաստիլյա»-ի կազմում: Մոդրիչը հանդիպումը կսկսի պահեստային նստարաններից, ես նրան կթույլատրեմ խաղալ մոտ 30 րոպե:
Թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսն իմ հանդեպ հարգալից է եղել և ոչ մի խնդիրներ մեր հարաբերությունների մեջ չկան»,- հայտարարել է իտալացի մասնագետը:







































