Այսօր Հայաստանում գրող-ընթերցող կապը շարունակում է մտահոգիչ մնալ: Ավելին, նույնիսկ գրախանութներ են փակվում: Օրինակ՝ շուտով կփակվի Հանրապետության Հրապարակում գտնվող «Անի» գրախանութը: Այսօր այս մասին բարձրաձայնեց գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Չնայած նա նշեց, որ ծրագրեր կան, և մի շարք միջոցառումներ են իրականացվում ընթերցանության մակարդակը բարձրացնելու համար, բայց նաև նկատեց, որ այս դեպքում չենք կարող մեղադրել գրախանութի տնօրինությանը գրախանութը փակելու համար: Պատճառաբանելով, որ տվյալ գործարարը ներդրումներ է կատարել գրախանութում, որ շահույթ ստանա, սակայն տեսնելով, որ շահույթ չկա, ստիպված պետք է գրախանութը փակի ու կոշիկի խանութ բացի:
«Այո, եթե կա գրականություն, ապա պետք է նաև ընթերցողներ լինեն: Ոչ մի գրող չի գրում, որ ինքը կարդա: Սակայն պետք է նշեմ, որ վերջին 2 տարիների ընթացքում ընթերցանության ճգնաժամը հաղթահարվում է: Մենք էլ էինք շատ ասում, թե չեն կարդում: Կարծես վահանով հարվածեինք: Լսողն էլ ասում էր՝ եթե ոչ մեկը չի կարդում, ուրեմն ես ինչո՞ւ պետք է կարդամ: Այսօր արդեն դպրոցականների ընթերցանության վրա մեծ ուշադրություն է դարձվում, գրադարններում են գրքերը քարոզում, գրողները, ասմունքողները այցելում են դպրոցներ, մարզեր»,- մանրամասնեց Լևոն Անանյանը:
Ի դեպ, նա ավելացրեց, որ մանկագիրները այսօր արդեն շահույթ են ստանում: Մանկական գրքերը շահույթ բերող ապրանք են դարձել:










































