Գերմանիայի ՆԳՆ-ն տեղեկություն ունի մոտ 650 արմատական իսլամիստների մասին, որոնք մեկնել են Սիրիա և Իրաք՝ կռվելու ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») կողմից: Այս մասին հինգշաբթի երեկոյան ZDF հեռուստաալիքի եթերում հայտնել է Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերը:
Նրա խոսքով՝ ներկայումս ուժային կառույցներին հայտնի է Գերմանիայից ընդհանուր թվով մոտ 650 ջիհադիստի մասին, որոնք մեկնել են գրոհայինների կողմից կռվելու: «Նաև ստույգ տեղեկություն կա» ավելի քան 1000 անձանց մասին, որոնք կարող են պոտենցիալ վտանգ ներկայացնել ազգային անվտանգության համար՝ նշել է նախարարը:
2014թ. ՆԳՆ-ն տեղեկացրեց, որ ԴԱԻՇ-ին աջակցելու համար Գերմանիայից Մերձավոր Արևելք է մեկնել ավելի քան 550 մարդ: Այն ժամանակ դե Մեզյերը հայտնեց արմատական իսլամիստներին անձը հաստատող փաստաթղթից զրկելու որոշման մասին՝ իշխանությունների մտավախության պատճառով, որ վերադարձից հետո արմատականներն ահաբեկչություններ կկազմակերպեն:









































