Երիտասարդ պրոդյուսեր, կոմպոզիտոր և դիջեյ Պարույր Փանոսյանը, ով երկրպագուներին հայտնի է Bei Ru անունով, բնակվում է Լոս Անջելեսում։ Նա իր առաջին ալբոմը՝ Little Armenia-ն, թողարկել է 2010 թվականին, իսկ անցած նոյեմբերին թողարկել է երկրորդը՝ Saturday Night at the Magic Lamp-ը, որը հիանալիորեն միաձուլում է էլեկտրոնային հնչյունները, մերձավորարևելյան ռիթմերն ու հայկական ոգին։ Նրա գրած երեք թրեքներ հնչում են իրանական վամպիրական ֆիլմում, որը կոչվում է «Միայնակ աղջիկը գիշերը տան ճանապարհին»։ Ֆիլմի պրեմիերան անցած տարի կայացել է «Սանդենս» կինոփառատոնի շրջանակում։ Bei Ru-ն մտադիր է այս տարի ավելի ուշ հանդես գալ հայրենիքում։
Reorient Mag պարբերականին տված հարցազրույցում նաև պատմել է, որ մեծացել է՝ լսելով ծնողների կատարմամբ ձայնագրված հին հայկական երաժշտությունը։ Նրա ծնողները մեծացել են Լիբանանում, այնպես որ՝ արաբական երգերն ու ռիթմերը նույնպես մշտապես առկա են եղել, և դրանք չէին կարող առանց ազդեցության մնալ։ Նրա խոսքով՝ այդ տարածաշրջանի մեդեդին ու ռիթմը հիպնոսացնող ազդեցություն ունեն, ինքն էլ մեծացել է դրանցով հիպնոսացած։ Առաջին գործիքը, որը նա ձեռքն է վերցրել, եղել է Casio սինթեզատորը։ Նա սկսել է նոր հնչերանգ փոխանցել ծնողների ձայնագրությունների հավաքածուին։
Bei Ru-ն սկսել է տարվել հնագույն մոռացված ձայնագրությունների որոնմամբ՝ ցանկանալով նոր շունչ հաղորդել դրանց։ Դրանց հետքերով նա եղել է Հայաստանում, Լիբանանում և Սիրիայում։
Հայաստանում շոուներ ծրագրելու մասին հարցին երաժիշտը պատասխանել է, որ նոր է վերադարձել մերձավորարևելյան շրջագայությունից։ Նա եղել է Քուվեյթում, Լիբանանում և Հորդանանում՝ հավելելով, որ Հայաստանում դեռևս իր կատարումներով հանդես չի եկել, սակայն այս տարի ավելի ուշ նման ծրագրեր ունի։
Նա նշել է, որ Փոքր Հայաստանում (լոսանջելեսյան քաղաք) շատ ժամանակ չի անցկացնում, սակայն սիրում է Փոքր Հայաստանի հացաբուլկեղենի կրպակներն ու ռեստորանները։ Այն հարցին, թե որտեղ գտնել իսկական գաթա, նա որպես լավ գաթա վաճառող օբյեկտներ մատնացույց է արել Falafel Arax-ն ու Panos Pastry-ն։
Bei Ru-ն մտադիր է ապագայում շարունակել թրեքներ գրել ֆիլմերի համար, իսկ երաժշտության հանդեպ ցուցաբերել նոր մոտեցումներ՝ չձանձրանալու համար։













































