Այսօր Երևանում տեղի ունեցավ հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որից հետո ստորագրվեց հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:
Այնուհետև հայկական կողմի համանախագահ, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը և չինական կողմի համանախագահ, ՉԺՀ առևտրի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սուն Իյունֆուն պատասխանեցին լրագրողների հարցերին:
Արա Պետրոսյանը նշեց, որ քննարկվել են տարբեր ոլորտներում առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ հարցեր` ենթակառուցվածքներից (Հյուսիս-Հարավ ծրագիր, Իրան-Հայաստան երկաթգիծ), Հայաստանում մետաքսի արտադրությունից մինչև տուրիզմ: Հարցին, թե արդյոք անդրադարձ եղե՞լ է հանքահումքային ոլորտում չինական ներդրումներին, Ա. Պետրոսյանը նշեց, որ այո, անդրադարձ եղել է, և այս ոլորտում ներդրումների վերաբերյալ հայկական կողմի առաջարկը մտնում է 20 այլ ներդրումային առաջարկների մեջ:
Սուն Իյունֆուն իր խոսքում նշեց, որ «երկու կողմերը կարծիքների փոխանակում են իրականացրել» փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շուրջ: Ըստ նրա` ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև առևտրաշրջանառության ծավալն այժմ չի հասել պոտենցիալ հնարավոր մակարդակին, ուստի կողմերի կառավարությունները պետք է աշխատեն այս ուղղությամբ: Սուն Իյունֆուն նաև նշեց, որ իրենք ամփոփել են 5-րդ միջկառավարական հանձնաժողովի արդյունքները և արել համապատասխան հետևություններ: