Պարսից ծոցի երկրները քննարկում են Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի հրաժարականի հարցը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին, որոնց պնդմամբ, նախաձեռնության հեղինակը Սաուդյան Արաբիան է:
Պարսից ծոցի երկրները պատրաստվում են հրաժարվել Սալեհից, որը «Ալ-Քաիդայի» դեմ պայքարող առաջամարտիկի համբավ ունի:
«Ծրագրի համաձայն` առաջիկա երեք ամիսների ընթացքում պետք է խորհրդակցություններ անցկացվեն բոլոր կուսակցությունների հետ»,- ասել է գործակալության աղբյուրը` նշելով, որ այդ խորհրդակցություններից հետո Սալեհին առաջարկվելու է որքան հնարավոր է արագ լքել իր պաշտոնը: Խորհրդակցությունները կկայանան Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում:
Հիշեցնենք, որ այսօր նույն գործակալությունը փոխանցել էր Քաթարի շեյխ Համադ բեն Խալիֆա Ալ-Թանիի խոսքերը, որն ասել էր. «Մեր երկրների կառավարությունները մի քանի անգամ հանդիպել են Էր-Ռիյադում: Մենք առաջարկներ ենք ուղարկել իրեն (Սալեհին.– 1in.am) և երկրի ընդդիմությանը: Հույս ունենք, որ մեր խորհրդակցությունը կնպաստի նրա թիմի և ընդդիմության միջև երկխոսությանըը, ինչը թույլ կտա դուրս գալ այս իրավիճակից»:










































