Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «չի սիրում Ամերիկան»: Նման հայտարարությամբ նա ելույթ է ունեցել Նյու Յորքում գործարարների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ներին:
«Ես գիտեմ, որ սարսափելի է նման բան ասելը, բայց ես կարծում եմ, որ նախագահը չի սիրում Ամերիկան: Նա չի սիրում ձեզ: Նա չի սիրում ինձ: Նա չի դաստիարակվել այնպես, ինչպես մենք` այս երկրի նկատմամբ սիրով»,- ասել է Ջուլիանին:
Նա հավելել է, որ 2016-ի նախագահական ընտրություններում կաջակցի այն թեկնածուին, ով համամիտ կլինի իր հետ, որ ԱՄՆ-ը` չնայած իր թերություններին «աշխարհի ամենաբացառիկ երկիրն է»:
«Ես վստահ եմ, որ նա հայրենասեր է: Բայց ես հազվադեպ եմ նրանից լսում բառեր այն մասին, որ նա սիրում է Ամերիկան` այնպիսիք, ինչպիսին ասել են Ռոնալդ Ռեյգանը և Բիլ Քլինթնոնը»,- բացատրել է իր արտահայտությունը նախկին քաղաքապետը:











































