Մոտ 400 ավտոմեքենա է կուտակվել ռուս-վրացական սահմանին Ռազմավիրական ճանապարհի փակման պատճառով: Այս մասին հինգշաբթի TASS-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի հարցերով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում:
Գերատեսչության տեղեկությամբ՝ ներկայումս լեռնանցքի բացվելուն է սպասում 368 ավտոմեքենա, այդ թվում՝ 305 մեծ բեռնատար, 6 ավտոբուս և 11 միկրոավտոբուս, որոնցում 558 մարդ կա, այդ թվում՝ 14 երեխա:
Մեքենաների կուտակում կա Լարս, Չմի, Իրան բնակավայրերում:
Փրկարարները ջեռուցման երկու շուրջօրյա կետ են տեղակայել վարորդների համար, Ռուսաստանի ՆԳՆ-ը լրացուցիչ պահակետեր է դրել Վրաստան ուղևորվող տրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանափակելու համար:
Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը դիմել է վարորդներին՝ խնդրելով չուղևորվել Վրաստան, քանի որ Կովկասյան լեռնանցքը ևս մի քանի օր փակ կլինի: «Հակառակ դեպքում նեղ լեռնային ճանապարհին, որը տանում է դեպի սահմանային անցակետ, կարող է տրանսպորտային կոլապս առաջանալ»,- զգուշացրել է գերատեսչությունը:
Փետրվարի 17-ին Կովկասի լեռնաշղթայով և Դարիալի կիրճով անցնող Ռազմավիրական ճանապարհը, որն ապահովում է Ռուսաստանի և Անդրկովկասի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը, ձյան պատճառով փակվել է:








































