Բրիտանիայի արքայազն Ուիլյամը Չինաստանի քաղաքացիներին ուղղված ոչ ավանդական ուղերձ է տեսագրել: Տեսանյութում նա չինացիներին շնորհավորել է եկող Չինական Նոր տարվա կապակցությամբ, որը 2015 թ. փետրվարի 19-ին է: Միաժամանակ, տեսագրության մեջ արքայազնը խոսում է չինարեն, հայտնում է That’s Online կայքը:
Արքայազնի ուղերձը տեսագրել է չինական CCTV News լրատվական հեռուստաալիքը: Տեսագրությունը տևում է ընդամենը 18 վայրկյան:
That’s Online-ը նշում է, որ մինչ այդ արքայազնը, հնարավոր է, երբեք չէր խոսել չինարեն, սակայն մակարդակը, որը նա ցույց է տալիս տեսանյութում, տպավորում է:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ արքայազն Ուիլյամը մարտի 1-ին Չինաստանում կլինի: Չինաստան իր այցի ընթացքում արքայազնը կլինի Պեկինում, Շանհայում և Յունյան նահանգում: Ուիլյամի այդ այցը կլինի բրիտանական արքայական ընտանիքի ներկայացուցչի առաջին պաշտոնական այցը Չինաստան գրեթե 30 տարում:











































