Վրաստանի գլխավոր դատախազությունը պատասխան չի ստացել Ուկրաինայի գլխավոր դատախազությունից Միխեիլ Սաակաշվլիի արտահանձնման հարցով։ Այս մասին Թբիլիսիում լրագրողներին հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Իրակլի Շոթաձեն՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նրա խոսքով՝ բավականին երկար ժամանակ իրենք պատասխան չեն ստացել, երկրորդ հայցն են ուղարկել Ուկրաինա և դեռ պատասխան չկա։
Շոթաձեն կարծում է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը, ինչպես երևում է, մտադիր չէ վրացական կողմի հետ համագործակցել այդ հարցով։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ համաձայն միջազգային համաձայնագրերի և նախկինում ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունների՝ Ուկրաինան պարտավոր է Վրաստանի կողմից հետախուզվող անձանց արտահանձնման գործընթաց սկսել։









































